Մահը ամենօրում

Less Mess
3 min readOct 8, 2020

--

Photo by Thomas Kinto on Unsplash

Աշխարհում միշտ ինչ-որ մի տեղ մահ կա։ Կա հիվանդություն, կա պատերազմ, կա կորուստ։ Աշխարհում միշտ եղել է ու կլինի ինչ-որ մեկի մահը։ Ու լավ գիտես, մի օր քո մահն էլ կգա։ Բայց միշտ հույս ունես, որ ոչ այսօր, ոչ այս տարի, ոչ հիմա։ Որքան էլ ամաչում ես քո կենդանական մահվան վախի համար, միշտ հույս ունես, որ մահը հեռու է. քո երկիր չի գա, քո քաղաք չի գա, քո տուն չի գա։

Բայց եկավ։ Եկավ քո փողոց, եկավ ու սև ժապավեններ ձգեց մի մայթից մյուսը։ Եկավ քո բակ, եկավ ու դատարկ մետաղական ձայնով ճոճ եկավ էն նույն ճոճանակին, որին դասընկերոջդ հետ էիր ճոճվում։ Եկավ քո տուն, եկավ ու նստեց բազկաթոռին, որին որդիդ, հայրդ, եղբայրդ, քեռիդ էր նստում։ Բայց դու դեռ հույս ունես, կամացուկ ու ամոթալի մի հույս. «դեռ ես չեմ»։

Մահվան վախն ավելի հին է, քան մարդը, ավելի հին, քան օվկիանոսում առաջացած կյանքը, քան ինքը՝ օվկիանոսը։ Աշխարհի բոլոր կրոնները երևի մահվան վախը հաղթահարելու համար են ի հայտ եկել։ Իսկ կա՞ արդյոք մի տեղ, որտեղ կարող ես թաքնվել մահից։ Կա՞ արդյոք մի պահ, որ կարող է չլինել վերջինը։ Կա՞ արդյոք մի բան, որում մահ չկա։

Ամեն ակնթարթին մեռնում է նախորդ վայրկյանը։ Ամեն արտաշնչին մի քիչ մեռնում ենք մենք, ամեն գիշեր մեռնում է լույսը, ամեն առավոտ խավարն է մեռնում։ Թոշնում են մեր հույզերը, փտում են ծառերը, հարաբերություններն են ավարտվում, ավարտվում է սեղանի անձեռոցիկն ու ծխախոտի տուփն է սպառվում։ Ու միշտ, ամեն մեկի ու ամեն ինչի մահից հետո, միշտ կա նորի ծնունդ։ Արդյո՞ք մահը վերջն է, թե՞ սկիզբը։

Մենք այնքա՜ն մահինն ենք ու մահն այնքա՜ն է մերը… Բայց մենք զբաղված ենք մեր մանր ու խիստ կարևոր գործերով ու ժամանակ չունենք այս փոխկապակցվածության մասին մտորելու։ Մահը մեր ամենօրում է։ Մահը վերջի ամենավերջն է ու սկզբի ամենասկիզբը։ Բայց դու դեռ հույս ունես. «դեռ ես չեմ»։

Երկիր մոլորակը մեծ է, Սատուրնը՝ ավելի մեծ, Արեգակը՝ էլ ավելի մեծ։ Բայց Արեգակը գաճաճ աստղ է Արկտուրուսի կամ Ռիգելի համեմատ։ Մեր գալակտիկան մեկն է այն անթիվ-անհամար գալակտիկաներից, որոնք կան տիեզերքում, իսկ մեր տիեզերքը գուցե մեկն է անթիվ տիեզերքներից։ Ու մենք դեռ հույս ունենք, որ կոլիբրիի թևահարումից էլ կարճ մեր կյանքը մի քիչ էլ կձգվի։ Որ ի՞նչ անենք։ Ի՞նչ է մեր չնչին կյանքը տիեզերքների տիեզերքում։ Ի՞նչ է մեր մահվան վախը անսահմանության առաջ։ Որպիսի՞ ավազահատիկ է մեր գոյությունը։

Ո՞վ է արդյոք երջանիկը։ Գնացո՞ղը, թե՞ մնացողը։ Այս անհաստատության մեջ մեզ մնում է մի բան՝ մոռանալ վախը, մոռանալ հույսը ու ապրել կյանք անունը կրող մեզ բաժին ընկած ակնթարթը արժանապատիվ մարտիկի պես։ Բոլորս էլ մարտիկ ենք ու առաջին թշնամին, որին պիտի հաղթենք, մենք ինքներս ենք՝ մեր վախերով, մեր փոքրոգությամբ, ավելորդ բռնությամբ ու ցինիկությամբ, անվերջ սպասողական վախկոտ հույսով, որ «դեռ ես չեմ»։

Դո՛ւ ես։

Հենց դո՛ւ ես։

Քե՛զ համար է գուժում զանգը։

Իմ մահը քո՛ մահն է, ինչպեսև քոնն է՝ ի՛մը։

Թող ապրածդ ակնթարթները չկրկնապատկեն աշխարհի տառապանքը։

Արի ու գնա, ինչպես օրն է բացվում ու մթնում։

Արի ու գնա, ինչպես շունչն է մտնում մարմին ու դուրս գալիս։

Արի ու գնա, ինչպես բոլորը, բոլորը անխտիր։

Արի ու գնա՝ այդ ակնթարթում, սակայն, հասցնելով անցնել մարտիկի քո ուղին։

--

--

Less Mess

insights on minimalism, productivity, mindfulness..