Less Mess
7 min readJun 23, 2020

Հաջողության վախ կամ տեղում դոփելու կարճ ուղեցույց

Photo by Priscilla Du Preez on Unsplash

Ո՞վ կարող է վախենալ հաջողությունից։ Բոլորս էլ ձգտում ենք հաջողության հասնել, բոլորս էլ ուզում ենք առաջ գնալ և ձեռքբերումներ ունենալ։ Բայց, դրա հետ մեկտեղ, հապաղում ենք ու ծուլանում, դանդաղ ընկղմվում ենք սոցիալական կայքերի ամենակուլ հորձանուտը, կազմում պլաններ ու անհետևողականություն ցուցաբերում, հետաձգում ենք, գլուխ ենք պահում, այսօրվա գործը թողնում վաղվան, վաղվանը՝ վերագրում անհայտ ապագային։ Կամ ժամանակակից բառով ասած՝ դիմում ենք պրոկրաստինացիայի։

Պրոկրաստինացիան կամ անելիքների անընդհատ հետաձգումը հեշտությամբ հաղթահարելի է, եթե այն պարզապես ծուլություն է։ Բայց դրա հաղթահարումը գործնականում չափազանց բարդ է լինում, որովհետև արմատները, մեծ մասամբ, շատ խորն են թաղված, և այն, ինչ մենք կոչում ենք մեկ բառով, իրականում տարբեր վախերի հավաքակազմ է։ Նման վախերից մեկն էլ հաջողության վախն է։ Փորձենք միասին հասկանալ, թե ինչպես է մարդը սովորում վախենալ հաջողությունից, ինչ է թաքնված դրա հետևում և ինչպես կարելի է հաղթահարել այն։

Ընտանիքի դերը

Ինչպեսև շատ վախեր, հաջողության վախը ևս սկիզբ է առնում վաղ տարիքում և անմիջական կապ ունի այն միջավայրի հետ, որտեղ մեծանում է երեխան։ Հաջողության վախը սովորած վարք է, որը երեխան, անկախ իր կամքից, զարգացնում է՝ պաշտպանելու համար իր խոցելի եսը շրջապատի հնարավոր վտանգներից ու խուսափելու համար ցավոտ փորձառությունից։ Ոչ բոլորն են մեծանում այնպիսի միջավայրում, որտեղ հաջողությունն ընդունվում է խանդավառությամբ, գովեստով ու խրախուսանքով։ Կան ընտանեկան մոդելներ, որոնց դեպքում, երեխան խուսափում է խոսել իր ձեռքբերումներից, թաքցնում է իր հաջողությունները կամ արժեզրկում դրանք, իսկ հետագայում ընտրում այնպիսի գործունեություն, որը «ապահով է» ու զերծ առաջխաղացման հնարավորություններից։

Առանձնացնենք մի քանի ընտանեկան կամ ծնողավարական մոդել, որոնք նպաստում են երեխայի մոտ հաջողության վախի արմատավորմանը։

1. «Չես կարող» կամ «Քո խելքի բանը չէ»

Ծնողները կարող են ամենադրական մղումով երեխային հետ պահել ռիսկերից ու ամեն տեսակ իրական կամ երևակայական վտանգներից։ Երեխայի վրա մշտապես «ապահովության ամրագոտիներ» գցելով՝ ծնողները թույլ չեն տալիս երեխային սովորել, սխալվել, հետևաբար նաև, ձեռքբերումներ ունենալ։ Արդյունքում, անինքնավստահ երեխան, նույնիսկ հասուն տարիքում, հնարավորության կամ ընտրության առաջ կանգնելիս, համարում է, որ իր մոտ ոչինչ չի ստացվի, հակառակ դեպքում, կստացվի, որ իր ծնող(ներ)ը սխալ էին։ Հաջողության վախի տակ թաքնված է ծնողների հեղինակությունը չարժեզրկելու մղումը և վախը դժվարություններից, որոնցից մշտապես հեռու են պահել մարդուն։

2. Արժեզրկում կամ «Համեստ եղիր»

Ծնողները սեփական անհաջողություններին չառերեսվելու համար անգիտակցաբար կարող են արժեզրկել երեխայի ձեռքբերումները՝ պնդելով, որ ոչ մի յուրահատուկ բան չկա նրա արածի մեջ, և որ բոլորն էլ կարող են անել այն, ինչով երեխան հպարտանում է։ Մյուս կողմից, ծնողները, ցանկանալով չարմատավորել պարծենկոտություն, երեխային կարող են սովորեցնել «ավելորդ համեստություն», որի հետևանքով, նույնիսկ մեծ տարիքում, մարդը կարող է ամաչել խոսել իր ձեռքբերումներից, մեղքի զգացում ունենալ դրանց մասին բարձրաձայնելիս, արժեզրկել սեփական հաջողությունները։ Սա հատկապես ընդգծված է իգական սեռի մոտ, երբ աղջկա/կնոջ հաջողությունը արժեզրկվում է ընտանիքի ու հասարակության կողմից, քանի որ կնոջ ուժեղությունը սխալմամբ ասոցացվում է տղամարդու թուլության հետ, իսկ պատրիարխալ հասարակության համար տղամարդու թուլությունն անընդունելի է։ Այսկերպ, մարդը սովորում է վախենալ հաջողությունից, քանի որ այն ստիպում է իրեն մեղքի զգացում ու ամոթ զգալ։

3. Արժեզրկում կամ «Այլկերպ չէր էլ կարող լինել»

Արժեզրկում կարելի է համարել նաև ծնողների ներքին ինքնագոհությունը, որ երեխան այլկերպ չէր էլ կարող, քան հաջողելը։ Այս դեպքում հաջողությունը չի գնահատվում որպես երեխայի առանձնահատուկ ջանքերի արդյունք, այլ ընդունվում է որպես նվազագույն չափանիշ. «այլկերպ չէր էլ կարող լինել»։ Երբ ծնողը երեխային որպես իր շարունակություն է ընկալում ու երեխայի հաջողությունը վերագրում իրեն (երեխան հաջողել է, որովհետև Ի՛Ր զավակն է), երեխան չի ճաշակում սեփական ջանքերի գնով հաջողության հասնելու զգացումը և հակված է արժեզրկել իր հետագա ձեռքբերումները. «բախտս ուղղակի բերեց», «հեշտ էր»։ Բացի այդ, մարդու մոտ սրվում է անհաջողության, ձախողելու վախը, քանի որ հաջողությունը նվազագույնն է, ինչին նա «պետք է ընդունակ լինի»։ Արժեզրկման այս տեսակը ավելի շատ կարելի է հանդիպել տղամարդկանց մոտ՝ ուղեկցված ձախողելու վախով ու հաջողության հասնելը որպես պարտավորություն ընկալելու միտումով։

Իրական վախերը

Հաջողության հասնելը փոփոխություն է, և կոմֆորտի մեջ գտնվող մեր գլխուղեղը ընդդիմանում է դրան, ինչպես ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել ներքին հավասարակշռությունը։Առաջ է գալիս դիմադրություն, որը օրգանիզմի պատասխանն է ներքին հավասարակշռությունը խախտող ցանկացած գործոնին։ Այստեղից էլ պրոկրաստինացիան, ինքնասաբոտաժը ու վախը նոր ձեռքբերումներից։

Ընտանիքի դերը կարևոր է, սակայն միայն դրանով չէ, որ որոշվում է մարդու վարքը։ Հաջողության վախի ներքո շատ ավելի պրոզայիկ վախեր են թաքնված՝ իրական վախեր, որոնց մի մասը դարձյալ գալիս են սոցիալ-մշակութային համատեքստից ու կարծրատիպերից, իսկ մյուս մասը մարդու հոգեկերտվածքից։ Ըստ էության, հաջողության վախն ու անհաջողության վախը նույն երևույթի երկու կողմերն են։ Մարդը վախենում է ոչ թե բուն հաջողությունից, այլ դրա հետևանքներից։ Որքան մեծ է հաջողությունը, այնքան ուժգին է վախը, քանզի որքան մեծ է հաջողությունը, այնքան մեծ են նաև հետևանքները։

Վախ ուշադրությունից

Հատկապես ինտրովերտները, որոնք մշտապես խուսափում են ուշադրության կենտրոնում հայտնվելուց, վախենում են հաջողությունից, քանզի այն իր հետևից բերում է ուշադրության մեծ չափաբաժին։ Իսկ էքստրավերտները վախենում են ոչ թե ուշադրությունից, այլ ուշադրության արժանանալուց հետո այն կորցնելուց, ինչը ցավոտ փորձառություն է։

Վախ քննադատությունից

Հաջողությունն իր հետ բերում է ուշադրություն, հետևաբար նաև շատ կարծիքներ։ Որքան շատ են կարծիքները, այնքան անխուսափելի են նաև քննդատությունները։ Հաջողությունից վախենալը կարող է վկայել խոցելի ես-ի մասին, որը խուսափում է իր մասին հնչեցված բացասական կարծիքներից, քննադատությունից, առավել ևս, վիրավորանքներից։

Վախ պատասխանատվությունից

Հաջողությունը երբեմն ենթադրում է ավելի ընդարձակ ազդեցության գոտի, ավելի շատ մարդու կախվածություն քեզնից, հետևաբար ավելի մեծ պատասխանատվություն։ Հաճախ հաջողության վախի ներքո ավեի մեծ պատասխանատվություն ստանձնելուց խուսափումն է։

Վախ տքնաջան աշխատանքից

Ոմանք գտնում են, որ գոյություն չունի հաջողության վախ, դա, ըստ էության, վախն է դժվարություններից ու տքնաջան աշխատանքից, որը հաջողության հասնելու պարտադիր պայմաններից է։ Պետք է աշխատել, լուծել առջևում ծառացած խնդիրները, արդյունավետ հաղթահարել ծագող դժվարությունները, հղկել հմտությունները. այդ ամենը տքնաջան աշխատանք է պահանջում, որից խուսափելը արտահայտվում է հաջողության վախի ձևով։

Վախ բարոյազրկվելուց

Մեզ վաղ տարիքից այնքան են ներշնչում, որ փողը, իշխանությունը, փոխում են մարդուն, դարձնում չար ու անսիրտ, որ վախը հաջողությունից կարող է կապված լինել ավելի շատ գումար վաստակելու և դրա հետևանքով փոխվելու վախի հետ։ Ըստ էության, մարդը չի փոխվում, պարզապես շատանում են հնարավորություններն ու լծակները, և եթե մարդն անսիրտ է, ապա կօգտագործի այդ հնարավորությունները ի վնաս այլոց, իսկ եթե ոչ, ապա հաջողությունը միայն կընդգծի նրա դրական կողմերը։ Բացի այդ, մարդիկ երբեմն մեղքի զգացում են ունենում, երբ սկսում են գումար վաստակել մի բանով, ինչը մինչ այդ անում էին պարզապես հաճույքի համար։ Եվ վախենում են, որ կկորցնեն այդ անշահախնդիր հաճույքը ու կսկսեն տարվել գումար վաստակելով։

Վախ ժամանակ չունենալուց

Հաջողությունը, ինչպես արդեն նշվեց, իր հետ բերում է պատասխանատվություններ ու պարտավորություններ, որոնք կարող են ժամանակատար լինել։ Արդյունքում անձը, որն ունի սիրելի մարդիկ կամ սիրելի զբաղմունքներ, վախենում է, որ հաջողությունից հետո կկորցնի դրանք ժամանակ չունենալու պատճառով։

Վախ սպառվելուց

Սա հատկապես հատուկ է ստեղծագործողներին, որոնք վախենում են հաջողությունից, քանի որ մտածում են, որ եթե առաջին գործը հաջողի, ապա այլևս երկրորդ նման ստեղծագործություն չեն կարող հրապարակել։

Ինչպես հաղթահարել հաջողության վախը

Քայլ 1։ Ընդունեք ձեր վախը

Տեղ տվեք նրան ձեր կյանքում, մի հերքեք ու մի փորձեք ճնշել նրան։ Ընդունեք, որ վախենում եք փոփոխությունից։ Ընդունեք, որ նորմալ է խոշոր փոփոխություններից առաջ անհանգստանալը, քանի որ գիտակցում եք նաև դրանց հետևանքները։

Քայլ 2։ Հետևեք ձեր վարքին

Հետևեք հաջողության վախի ձեր սեփական «սիմպտոմներին»։ Եղեք գիտակից ու բռնացրեք ձեզ այն դրսևորումների վրա, որոնք խոսում են հաջողության վախի մասին։ Օրինակ, երբ խուսափում եք մեծ ծրագրերի պատասխանատվությունը ստանձնելուց, ամաչում եք հաճոյախոսություններից, սաբոտաժի եք ենթարկում ինքներդ ձեզ՝ այրելով առաջխաղացման կամուրջները, շփվում եք այնպիսի մարդկանց հետ, որոնք ձեզ վեր տանելու փոխարեն ձգում են վար։

Քայլ 3։Առերեսվեք սեփական վախի հետ

Վերցրեք թուղթ ու գրիչը (կամ որտեղ գրում եք սովորաբար) և պատասխանեք հետևյալ հարցրերին՝

💡 Ո՞րն է ինձ համար հաջողությունը։ Ի՞նչ կուզեի անել, որ ինձ հաջողակ զգայի։

💡 Ի՞նչն է ամենից շատ վախեցնում ինձ դրա մեջ։ Ինչի՞ց եմ իրականում խուսափում։

💡 Ո՞վ կամ ի՞նչն է ներշնչել ինձ այդ վախը։ Ե՞րբ է դա եղել։ Ի՞նչ համոզմունքների շուրջ է ձևավորվել վախը։

💡 Որքանո՞վ եմ ես վստահում այդ համոզմունքներին։ Որքանո՞վ են դրանք արժանահավատ, որ ուղղորդեն իմ կյանքն ու գործունեությունը։

💡 Ինչպե՞ս կարելի է վերափոխել այդ համոզմունքները, որ դրանք չստիպեն ինձ վախենալ։

Հաջողությունը տարբեր է բոլորի համար։ Մեկի համար դա կարիերայում առաջխաղացումն է, մյուսի համար անձնական կյանքում երջանկություն գտնելը, երրորդի համար նոր սպորտային մարտահրավերը հաղթահարելը։ Նախևառաջ սահմանեք, թե որն է ձեզ համար հաջողությունը։ Այնուհետ վերլուծեք, թե հատկապես ինչն է վախեցնում ձեզ։ Հասկանալով սեփական վախերն ու դրանց արտաքին դրսևորումները, դուք կկարողանաք հասկանալ, թե հատկապես ինչն է ձեզ հետ պահում։ Փորձեք գնալ անցյալ ու վերհիշել այն մարդկանց կամ իրավիճակները, որոնք ներշնչել են ձեզ նման համոզմունքներ։ Օրինակ, որ հաջողությունը գլխացավանք է, որ փողը մարդուն վատն է դարձնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, որ սխալվելը ամոթ է, որ անհաջողությունը խայտառակություն է։

Վիճարկեք այդ համոզմունքները, որքանո՞վ եք վստահում դրանց։ Արդյո՞ք սխալվելն իսկապես ամոթ է, արդյո՞ք ձեզ ծանոթ հաջողակ մարդիկ երբեք չեն սխալվել։ Չէ՞ որ հաջողությունը ավելի շատ սխալների ու փորձարկումների վրա է հիմնված, քան ճիշտ քայլերի հաջոդականության։

Վերափոխեք ձեզ խանգարող համոզմունքները այնպես, որ դրանք կորցնեն իրենց արգելակող ուժը։ Օրինակ, «փողը մարդուն ավելի վատն է դարձնում» համոզմունքը կարելի է վերափոխել հետևյալ կերպ. «ոմանք փողն ու իշխանությունը օգտագործում են ի վնաս այլոց, բայց կան նաև մարդիկ, որոնք իրենց հնարավորությունների շնորհիվ օգնում են ոչ միայն իրենց շրջապատողներին, այլ նաև անծանոթներին» կամ «հաջողությունը գլխացավանք է» համոզմունքը կարելի է վերափոխել՝ «հաջողությունը կապված է մեծ պատասխանատվության հետ, որը ժամանակ առ ժամանակ կարող է դժվարությունների առաջ կանգնեցնել, բայց այն նաև բավարարվածություն ու ուժ է տալիս, որոնք օգնում են հաղթահարել այդ դժվարությունները»։

Ի վերջո, «հաջողությունը» կենսական անհրաժեշտություն չէ։ Այն իմաստով, որով այսօր շահարկվում է «հաջողություն» արտահայտությունը, ստիպում է մարդկանց թերագնահատել իրենց հանգիստ տեմպով ընթացող կյանքը։ Մենք պետք է ընդունենք, որ նորմալ է, եթե մարդը չի ձգտում մեծ բարձունքների, նորմալ է, երբ մարդը չի սիրում ուշադրություն և գերադասում է ստվերում մնալ, նորմալ է, եթե մարդն անտարբեր է կարիերայի ու գործնական առաջխաղացման հանդեպ։ Կարիք չկա արհեստականորեն ստեղծել հաջողակի էտալոն, որի կողքին մյուսներն անհաջողակ կթվան։

Հաջողության վախի մասին խոսելիս պետք է դիտարկել այն մարդկանց, որոնք ունեն հստակ նպատակներ ու ներքին դրդապատճառներ, բայց չեն խիզախում հետևել իրենց ներքին կանչին ու զբաղվել նրանով, ինչը իրենց իսկապես բավականություն է պատճառում կամ ավարտել սկսածը կամ սկսել վաղուց ծրագրածը։ Մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք կազմում են ծրագրեր, բայց հետևողական չեն լինում, որոնք որոշում են, բայց հետաձգում, որոնք ուզում են, բայց նաև խուսափում։

Ազատագրեք ձեզ այն կապանքներից, որոնք փաթաթել են ձեզ ուրիշները, ձեր երազանքներն ու հույսերն ավելի ուժեղ թող լինեն, քան ձեզ կաշկանդող վախերը։ Եղեք զգոն, բայց մի՛ վախեցեք։

Less Mess

insights on minimalism, productivity, mindfulness..