Հանգստանալու կորսված արվեստը

Less Mess
5 min readAug 30, 2020

--

Photo by Noah Buscher on Unsplash

Ամառն անցավ, տանը փակված մնալու կոչերը լռեցին, հանգստացա՞նք արդյոք այս ամիսների ընթացքում։ Շատերը կպնդեն, որ նույնիսկ ավելի շատ հոգնեցին։ Ցավոք, հանգիստ ասելով շատերը միայն ֆիզիկական հանգիստն են պատկերացնում։ Մինչդեռ մարդուն անհրաժեշտ է նաև մտավոր հանգիստ, սոցիալական հանգիստ, հոգևոր հանգիստ։

Հանգիստը ուժերը վերականգնելու պահանջմունքն է, որը կենսականորեն անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Հանգիստը մեզ դարձնում է.

  • ավելի առողջ
  • ավելի հավասարակշռված
  • ավելի արդյունավետ

Հանգիստը կարող է լինել պասիվ՝ քնի տեսքով և ակտիվ՝ գիտակցությամբ վերահսկվող վերականգնման ու լիցքավորման գործընթաց։

Հանգիստ vs Սթրես

Մի քիչ կենսաբանությունը վնաս չէ առողջությանը։ Եվ այսպես, մեր օրգանիզմի ֆունկցիոնալ մակարդակը կարգավորվում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային համակարգերով։ Դրանք ունեն միմյանց հակադիր ազդեցություն։ Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմունային մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցում է նաև հույզերին ու լարվածությանը։ Ադրենալինը և նորադրենալինը, որոնք սթրեսի հորմոններն են, ներզատվում են սիմպաթիկ նյարդային համակարգի անմիջական ազդեցությամբ։ Պարասիմպաթիկ ազդակները մեծ մասամբ ունեն սիմպաթիկ գրգիռներին հակառակ ներգործություն։ Դրանք օրգանիզմը բերում են նորմալ գործունեության վիճակի, հանգստացնում են այն ու վերադարձնում հավասարակշռությունը։

Մենք ապրում ենք սիմպաթիկ խթանման դարաշրջանում։ Քաղաքային երթևեկությունը, անդադար շտապող մարդիկ, աղմուկը, օդի, ջրի ու սննդի աղտոտումը (սթրես օրգանիզմի համար) և ամեն կողմից մեզ գնդակոծող տեղեկատվությունն ու ագրեսիվ գովազդը պահում են մեզ կեղծ հրատապության ու լարվածության վիճակում։

Հանգստի հակադիր վիճակը աշխատանքը չէ, հանգստի հակառակը սթրեսն է։ Սթրեսը հանգստի բացակայությունն է, իսկ հանգիստը՝ սթրեսի բացակայությունը։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում հանգստանալ։

1. Մեզ չեն սովորեցնում հանգստանալ

Մեզ երբեք ոչ ոք չի սովորեցրել հանգստանալ։ Երեխաներին անընդհատ զբաղեցնում են՝ մանկական հասակից սկսած. ասես ոչնչով չզբաղված երեխան վտանգի աղբյուր է։ Դպրոցում երեխաները գրեթե չեն հանգստանում իրենց մի քանի րոպեանոց ընդմիջումներին, տուն գալուց երբեմն մինչև ուշ երեկո նստում են բաց գիրքուտետրի առաջ, իսկ շաբաթ կիրակի տնային հանձնարարությունները կրկնապատկվում են, որպեսզի երեխան չհասցնի շունչ առնել։ (Ի դեպ, տնային աշխատանքը ի սկզբանե որպես պատիժ է կիրառվել դպրոցներում)։

Մեզ սովորեցնում են հակառակը։ Երեխայի մշտապես զբաղվածությունը խրախուսվում է ընտանիքի բոլոր անդամների կողմից։ Անդադար հնչող «work hard» կոչերը ստիպում են մեղքի զգացում ունենալ մեր կյանքի ազատ րոպեներին որևէ անլուրջ բանով զբաղվելու համար։

2. Մրցավազք

Հաջողությունը հավասարեցվում է փողին։ Շատ աշխատելը շատ վաստակելու գրավականն է։ Ունենալ լավ տուն, լավ մեքենա, շատ փող, հետո նոր վայելել վաստակած հանգիստը։ Մինչդեռ մարդու կենսաբանությունն ու հոգեբանությունը այդպես չի աշխատում։ Այլապես մենք մի քանի օր օրուգիշեր կաշխատեինք, հետո մի քանի օր կհանգստանայինք։ Անդադար կուտակվող սթրեսը հանգեցնում է տարաբնույթ առողջական խնդիրների՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական։ Բացի այդ, մրցավազքի մեջ մտնելով՝ մարդը գրեթե երբեք չի զգում, թե երբ է գալու այն կետը, որից հետո ինքն այլևս կարիք չունենա ջանքուեռանդ ներդնելու։ Հետ մնալու վախը, հաճույք ստանալու անկարողությունը ու անդադար աշխատանքը մարդուն ավելի անհանգիստ ու դժբախտ են դարձնում։

3. Հանգիստն ու ծուլությունը

Ժամանակակից դարը ոչ թե աշխատանքի, այլ զբաղվածության դար է։ Այդ մասին է վկայում նույնիսկ ամենաօգտագործվող ու միջազգային դարձած բառերից մեկը՝ «բիզնեսը» (անգլ. business, բառացի՝ զբաղվածություն)։ Արդյունքի փոխարեն մենք հաճախ պարզապես զբաղվածություն ենք ցույց տալիս, աշխատանքի փոխարեն՝ հանգստի բացակայություն։ Քանզի հակառակ դեպքում ծույլ ու ալարկոտ կարող ենք թվալ։ Իսկ ժամանակակից դարը հանդուրժել չի կարողանում ծույլերին։ Թեև անդադար հանգստի մեջ լինելը կարող է վկայել ալարկոտության մասին, բայց կանոնավոր հանգիստը երբեք ծուլություն չէ։

4. Մարդը՝ որպես մեքենա

Գործից կտրվելը մենք հաճախ բնութագրում ենք «անջատվել» արտահայտությամբ՝ մարդուն, ասես, համեմատելով մեքենայի հետ, որին կարելի է միացնել ու անջատել։ 21-րդ դարում, երբ էլեկտրականությունը, մեքենաները, համացանցը 24/7 պատրաստ են ծառայելու մարդուն, ցանկություն է առաջանում օգտվել մեզ ընձեռված հնարավորությունից՝ շարունակել աշխատել մեքենայի պես։ Բայց մարդը մեքենա չէ, այլ հուզական էակ, որը կարող է պարզապես մի օր չուզենալ արթնանալ ու գործի գնալ, հուզական այրում ստանալ ու խուսափել այն ամենից, ինչը անգամ թեթևակիորեն ակնարկում է գործի մասին։

5. Շեղվելու անընդհատ պահանջմունք

Ինֆորմացիոն մեր դարում, երբ հնարավոր ամեն տեղից հաղորդագրություն, հիշեցում, նորություն ու առաջարկ ենք ստանում, դժվար է տարբերակել որն է ստացվածից կարևոր, որը՝ անկարևոր։ Մեր գլխուղեղը կախված է ստիմուլյացիայի հերթական չափաբաժնից, որը ստանում ենք սոց-կայքերում ու մեդիա աշխարհում։ Դրան ի պատասխան՝ օրգանիզմում ներզատվում է դոֆամին, որը բավարարվածություն է բերում։ Շատ կարճ ժամանակ անց առաջ է գալիս նոր խթանման անհրաժեշտություն. ճիշտ, ինչպես այլ կախվածությունների դեպքում։ Որքա՜ն դժվար է անջատել հաղորդագրությունները, էլ չասած սմարթֆոնը կամ ինտերնետը։ Եվ եթե շատերիս թվում է, որ նյուզֆիդով սահելը կամ յութուբի ալգորիթմի շնորհիվ վիդեոյից վիդեո անցնելը ևս հանգստի ձև է, ապա եկեք դադարենք ինքնախաբեությամբ զբաղվել։ Շեղվելու պահանջմունքը հանգիստ չէ։

Էլ ի՞նչը հանգիստ չէ

Մեր ուշադրությունը գրավելու համար մրցում են բոլորը։ Մեր ուշադրությունը մշտապես դուրս է ուղղված։ Աչքերն ու ականջները՝ պատրաստ նոր տեղեկատվության, բերանը՝ պատրաստ կիսվելու այդ տեղեկատվությամբ, մարմինը՝ անդադար մակրո ու միկրո-շարժման մեջ։

Գիրք կարդալը, ֆիլմ նայելը, երաժշտություն լսելը, ընկերների հետ գարեջուր կամ գինի խմելը, ճանապարհորդելը. այս ամենը ևս հանգիստ չեն։ Քանի որ մեր ուշադրությունը շարունակում է դեպի դուրս ուղղված մնալ։ Թեև դրանք կարող են լիցքաթափել մեզ, բայց չեն կարող նպաստել օրգանիզմի վերականգնման գործընթացին։ Դրանք շարունակում են աշխատանք մնալ գլխուղեղի համար, թեև ոչ սթրեսային աշխատանք։

Հանգիստը ոչ թե լիցքաթափումն է, այլ լիցքավորումը, ուժերի, էներգիայի վերականգնումը։ Հանգստանալ նշանակում է կտրել այս անդադար շեղվելու արատավոր շրջանը ու սեփական վերահսկողության տակ առնել ուշադրությունն ու էներգիան։

Իսկ ո՞րն է հանգիստը

Հանգստի համար անհրաժեշտ է լռություն, որպեսզի մեր լսողությունը հանգստանա, որպեսզի հանգստանան մեր ձայնալարերը, կոկորդը, լեզուն։ Հանգիստը ենթադրում է փակել աչքերը՝ կտրվելով տեսողական ազդակներից։ Հանգիստը ենթադրում է հարմար տեղավորվել, որպեսզի մարմնի ոչ մի մկան լարվածություն չզգա։ Հանգիստը ենթադրում է դանդաղ ու խորը շնչառություն, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ թթվածին ու մատակարարի բոլոր հյուսվածքներին ու բջիջներին։ Ամենակարևորը, հանգստի համար անհրաժեշտ է ուշադրությունն ուղղել ոչ թե դուրս, այլ դեպի ներս։ Անվանեք այս վիճակը մեդիտացիա, յոգա նիդրա, հոգևոր ժամ, անգործություն, հանգիստ. էական չէ։ Էականն այն է, որ դրանից հետո ձեր օրգանիզմը երախտապարտ կլինի ձեզ։ Պարբերաբար նվիրելով ձեզ գիտակցված հանգիստ, դուք կբարելավեք ձեր հոգևոր ու ֆիզիկական առողջությունը։

Իհարկե, հանգստանալ ու ուժերը վերականգնել կարելի է նաև մի շարք այլ եղանակներով։ Կան գործունեության տեսակներ, որոնք օգնում են հանգստանալ՝ առանց շեղվելու անհրաժեշտության։ Այդպիսի գործունեության տեսակներից են, օրինակ, նկարելը կամ ներկելը, գրելը, գործելը կամ ասեղնագործելը, այգում զբոսնելը, լողալը, խոհարարությունը և այլն։ Եթե այս գործունեության տեսակները ձեր ամենօրյա պարտականությունները չեն, ապա կօգնեն ձեզ ոչ միայն թոթափել սթրեսը, այլ նաև վերականգնել սպառված էներգիան։

Il bel far niente իտալերեն այս արտահայտությունը նշանակում է՝ ոչինչ չանելու գեղեցկությունը։ Սա այն խաղաղ հանգիստն է, որը մարդը վաստակում է արդար աշխատանքից հետո։ Շաբաթվա մեջ մեզ տրված հանգստյան օրերը հիշեցում են, որ մենք պարզապես արդյունք տվող մեքենաներ ու այդ արդյունքի սպառողները չենք, այլ հոգևոր էակներ, որոնք ֆիզիկական պահանջմունքներից բացի նաև հոգևոր սնունդ ստանալու կարիք ունեն։

--

--

Less Mess

insights on minimalism, productivity, mindfulness..