Փողոցային արվեստն ու հակասպառողական մանիֆեստը
Ես ավելին եմ, քան իմ ունեցվածքը։ Ես ավելին եմ, քան իմ իրերի ամբողջությունը։ Ես եմ իմ իրերի տերը։ Ես եմ որոշում՝ երբ օգտագործեմ ու որքան ժամանակ տրամադրեմ իմ իրերին և ոչ հակառակը։
Երկիր մոլորակի ռեսուրսները բավական են մարդկանց կարիքները, բայց ոչ ագահությունը բավարարելու համար։ Կիսելը, փոխառելը, նվիրելը գնելու այլընտրանքներ են։
Ես մարդ եմ, ոչ թե սպառող։ Ես գնում եմ իրեր, միայն երբ իսկապես դրանց կարիքն ունեմ։ Ես չեմ հավատում գովազդներին։ Ես չեմ հավատում շուկայի ամենազորությանը։ Ես ընտրում եմ մտածված, որպեսզի ձեռք բերեմ իրեր, որոնք երկար կծառայեն։ Ինձ համար որակը քանակից ավելի կարևոր է։
Օգտագործել իրեր և սիրել մարդկանց և երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում՝ հակառակը։
Ես չեմ ուզում թույլ տալ, որ շուկան որոշի իմ խելքի ու գեղեցկության չափանիշները։ Ես չեմ ուզում, որ իմ հայելին շուկան լինի։ Ես ապրանք չեմ, որին կարող են գնահատել ու պիտակավորել։ Ես դեռ չեմ սպառվել։ Ես դեռ ԿԱՄ։ Ես դեռ ՈՐՈՇՈՂն եմ։
Իմ առաքելությունը երկրի վրա աղբ կուտակելը չէ։ Իմ առաքելությունը ապագա սերունդներին ավելի լավ մոլորակ փոխանցելն է, քան ինձ է տրվել։