Less Mess
3 min readAug 4, 2019

--

Իսկ դո՛ւ… օրական քանի՞ գորտ ես ուտում

Photo by Trevor Cole on Unsplash

Մարկ Տվենը մի անգամ ասել է իրեն բնորոշ հումորով՝ եթե ամեն առավոտ օրը սկսելիս կենդանի գորտ ուտեք, ապա օրվա մնացած մասը գոհունակությամբ կանցկացնեք՝ համոզված, որ վատագույն բանն արդեն արել եք։

Ժամանակի կառավարման մեջ «գորտ» են անվանում կարևոր, բայց ոչ հրատապ անելիքները, որոնք հաճախ են պրոկրաստինացիայի առիթ դառնում։ Դրանք սովորաբար ամենավանող գործերն են լինում և, որպես կանոն, ոչ շատ ժամանակատար։ Միևնույն ժամանակ, դրանց կատարումը մեծ բավարարվածություն է պատճառում ու արդյունավետության զգացում պարգևում։

Մենք բոլորս էլ ունենք ցանկալի ու անցանկալի անելիքներ։ Առաջինները կատարելիս մեզ նույնիսկ հավելյալ մոտիվացիա պետք չէ, մենք պարզապես սիրում ենք ընթացքը, արդյունքն ու ամեն ինչ կապված դրանց հետ։ Ինչ վերաբերում է անցանկալի գործերին, ապա մենք սովորաբար դրանք հետաձգում ենք այնքան ժամանակ, մինչև դառնում են հրատապ ու անհետաձգելի։ Հենց դրանք էլ մեր գորտերն են, որոնք օրեցօր քարշ ենք տալիս մեզ հետ՝ տեղափոխելով մի թու-դու լիստից մյուսը։

Փոքր ժամանակ մենք բոլորս ուտելու նույն ալգորիթմն ունեինք (շատերը հիմա էլ են այդպես սնվում)։ Սկզբում՝ ոչ այդքան համեղ թվացող ուտելիքները, ապա՝ համեղները։ Սա հենց գորտակերության մարտավարությունն է, որին մենք տիրապետում էինք դեռևս անհիշելի ժամանակներից։ Իսկ ինչո՞ւ չընդարձակել դրա կիրառման շրջանակները։ Ձեզ ենք ներկայացնում գորտերից ազատվելու հիմնական կանոնները։ Հետևելով այս պարզ մարտավարությանը՝ հնարավոր է կատարել նույնիսկ «ամենազզվելի» առաջադրանքներն ու օրվա մնացած մասը ծախսել ցանկալի անելիքների վրա։ Եվ այսպես.

1. Գտեք ձեր գորտերին

Եթե արդեն ունեք անելիքների երկար ցանկ, ապա կարելի է սկսել միանգամից։ Հակառակ դեպքում, կազմեք այդ ցանկը՝ ներառելով ձեզ անհամբերությամբ սպասող բոլոր-բոլոր անելիքները։ Աչքի անցկացնելով ցանկը՝ ընդգծեք այն անելիքները, որոնցից հնարավորության դեպքում կխուսափեիք։ Ահա՛ և ձեր գորտերը՝ ամենաանցանկալի ու ձանձրալի անելիքները։

2. Ամենաանճոռնին՝ սկզբում

Գորտակերության թիվ մեկ կանոնը վկայում է. «Եթե ունես երկու գորտ, ապա սկզբում կեր ամենաանճոռնիին»։ Այլ կերպ ասած՝ եթե ունես երկու կարևոր, բայց անցանկալի անելիք, ապա պետք է սկսել ամենաժամանակատար, ամենադժվար և ամենակարևոր առաջադրանքից, քանի որ հետևանքները աղետալի են լինում, երբ այդ «անճոռնի գորտը» մնում է ամենավերջում։ Այս մարտավարության մեջ կիրառվում է Պարետոյի սկզբունքը։

3. Առանց երկար-բարակ մտածելու

Գորտակերության երկրորդ կարևոր կանոնն այսպիսին է. «Եթե պատրաստվում ես կենդանի գորտ ուտել, ապա պետք չէ նստել ու նայել գորտին»։ Սովորեցրեք ինքներդ ձեզ առանց երկար ծանրութեթև անելու միանգամից լուծել անճոռնի գորտի հարցերը։ Երկար մտածել արժե ցուցակը կազմելիս, սակայն եթե տվյալ գորտին արդեն բախտ է վիճակվել հայտնվել անելիքների ցանկում, ապա վաղ թե ուշ նրան պետք է «ուտել»։

Ակտիվացման էներգիա

Երբ գործը բարդ է ու անհստակ, սկսելը ամենադժվար մասն է։ Մեզնից ոչ բոլորն են արթնանում և աջուձախ վերացնում «գորտերին»։ Շատերը սուրճ են խմում, վարժություններ անում կամ պարզապես մի փոքր հանգիստ նստում են՝ օրգանիզմին հնարավորություն տալով հարմարվել արթնության ռեժիմին։ Որևէ գործ սկսելու համար մեզ անհրաժեշտ է էներգիայի որոշակի նվազագույն քանակ՝ ոչ այն քանակը, որը անհրաժեշտ է առաջադրանքը կատարելու համար։ Քիմիայում այս երևույթն անվանում են ակտիվացման էներգիա։

Ակտիվացման էներգիա էներգիայի նվազագույն քանակն է, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տվյալ ռեակցիայի մեջ մտնելու համար։ Ակտիվացման էներգիան անհրաժեշտ է մասնիկների վանողական ուժերը հաղթահարելու և տրոհվող քիմիական կապերը խարխլելու համար։

Օրինակ՝ թուղթը վառելու համար մեկ լուցկու էներգիան միանգամայն բավարար է։ Սակայն բոլորս էլ գիտենք, որ այդ էներգիան բավարար չէ, օրինակ, մի ամբողջ գերան վառելու համար։ Նույն ձևով էլ կախված անելիքներից՝ մեզ տարբեր չափի ակտիվացման էներգիա է անհրաժեշտ։ Եվ ակնկալիքը, որ աչքերը բացելուն պես կստացվի միանգամից ոչնչացնել գորտերին, կարող է հիասթափություն առաջ բերել սկզբում։ Բայց կան հնարներ, որոնց օգնությամբ կարելի է արագացնել սկսելու գործընթացը։ Դարձյալ դիմենք քիմիային ու հիշենք կատալիզատորներին։

Կատալիզատորը քիմիական նյութ է, որը արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։

Կատալիզատորները լայնորեն կիրառվում են արտադրության մեջ ծախսերը նվազեցնելու համար։ Առօրյա կյանքում ևս մենք օգտագործում ենք «կատալիզատորներ», որոնք այլընտրանքային ուղի են ստեղծում դժվար գործը սկսելու համար՝ նվազեցնելով ակտիվացման էներգիայի անհրաժեշտ չափաբաժինը։ Որպես կատալիզատորներ կարող են հանդես գալ սիրելի զբաղմունքները։

Օրինակ, եթե սիրում եք ֆիլմեր դիտել, ապա երեկոյան ֆիլմ դիտելու միտքը կարող է որպես կատալիզատոր հանդես գալ՝ առավոտյան անցանկալի անելիքն անելու և դրանից հնարավորինս շուտ ազատվելու համար։ Այդ միտքը կարող է արագացնել սկսելու գործընթացը՝ ավելի քիչ ակտիվացման էներգիա պահանջելով։ Այսկերպ, աչքի անցկացնելով ձեր անելիքների ցանկը և հայտնաբերելով գորտերին՝ դուք կարող եք կատալիզատոր մտածել յուրաքանչյուր գորտի համար. սահմանել երեկոյան որևէ սիրելի զբաղմունք, որը կարող է խթանել «գորտակերությունը» և նվազեցնել սկսելու չարչարանքները։

Յուրաքանչյուր առավոտ մենք որոշում ենք կայացնում՝ ինչը անել հիմա, ինչը՝ թողնել «հետո»-ին։ Պրոդուկտիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու գաղտնիքներից մեկը կնճռոտ առաջադրանքը նախապես անելու սովորության մշակումն է, որը կարող է ձեր ամենահզոր մարտավարությունը լինել մինչև կյանքի վերջ։ Օրական ընդամենը մեկ այդպիսի անելիք կատարելով՝ դուք շատ կարճ ժամանակում կազատվեք կուտակված գործերից և միաժամանակ կզարգացնեք ձեր մեջ այդ չափազանց արդյունավետ սովորությունը։

Հ.Գ. Նյութը պատրաստելու ընթացքում ոչ մի գորտ չի տուժել։

--

--

Less Mess

insights on minimalism, productivity, mindfulness..